ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Նրանց շարժումները վազքի նմանակում են»

«Նրանց շարժումները վազքի նմանակում են»
04.12.2012 | 11:41

2012-2013 թթ. փարիզյան ներկայացումների ցանկում հայտնվել է հայ հեղինակի՝ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ անունը: Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Դարիուս Միյոյի անունը կրող թատրոնում արդեն երրորդ ամիսն է, ինչ հաջողությամբ բեմադրվում է «Մարաթոն» ներկայացումը՝ ըստ Անահիտ Թոփչյանի համանուն պատմվածքի: Բեմադրությունը պատրաստել է «Ռոզամիռա» ընկերությունը, բեմադրող՝ Նինա Դիվ, դերակատարներ՝ Սոլանժ Միյո, Վիլյամ Ամբեր:
«Նինա Դիվի ծաղրածուները և նրանց դիմակ-դեմքերը հիշեցնում են Ֆելինիի աշխարհը: Տեքստը և ներկայացումը հասնում են գրոտեսկի, թեթև հեգնանքի երանգով, որի տակ մի խոր փիլիսոփայություն կա: Հանդիսատեսը լարված ուշադրությամբ հետևում է երկխոսությանը, հաճախ ծիծաղում, ինչը, ի դեպ, չի խանգարում նրան մտորելու կյանքի բուն իմաստի մասին»,- ասվում է ներկայացման անոտացիայում:
Իսկ ֆրանսիական մամուլը գրում է. «Մեր ռացիոնալ և ավտոմատացված ժամանակաշրջանում «Մարաթոն» ներկայացումն ընկալվում է որպես մետաֆոր: Երկու անորոշ սեռի դիմակավորված ծաղրածուները հիշեցնում են Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերի պերսոնաժներին: Նրանց շարժումները վազքի նմանակում են: Նրանց կյանքը մի անվերջ մարաթոն է, և յուրաքանչյուրը համոզված է, որ գտել է իր գոյության իմաստը: Ներկայացման բոլոր բաղադրիչները՝ լույսը, ձայնը, զգեստները, բեմական դատարկ տարածքը, ընդգծում և առաջին պլան են մղում ամենակարևորը` արարի խոր փիլիսոփայությունը: Այդ ամենն այնքան նուրբ է ներկայացված, որ ո՛չ մի բառ, ո՛չ մի ձայն չեն վրիպում հանդիսատեսի ուշադրությունից:
Անահիտ Թոփչյանի տեքստը հարազատ է Բեկետի և Իոնեսկոյի աբսուրդի թատրոնին:
Այդ խորիմաստ ու սեղմ երկխոսությունը, իսկապես, հանդիսատեսի լարված ուշադրությունն է պահանջում:
Ամեն ինչ տեղի է ունենում նույն ժամանակի և տարածքի մեջ, մեկ գործողության ընթացքում: Երկու գործող անձինք վազքով են ապրում իրենց կյանքը մինչև վերջ: Ո՞րն է նրանցից իրավացի: Նա, ով անվերջ վազում է և ձգտում ապրել ժամանակին համաքա՞յլ, թե՞ նա, ով ուզում է անշտապ ապրել, կյանքն ըմբոշխնել, հաճույք ստանալ… Այլապես ոչ թե ապրում ես, այլ վազում կյանքի կողքով:
Դա երկու հայացքների հակադրությունն է, որի մեջ հանդիսատեսն ազատ է ընտրելու այն, ինչն ավելի հարազատ է իրեն:
Բայց բոլորս, ավա՜ղ, ի վերջո հասնում ենք միևնույն ավարտին»:
Ներկայացումներն ընթանալու են մինչև դեկտեմբերի սկիզբը, որից հետո «Մարաթոնը» պիտի հյուրընկալվի Ֆրանսիայի այլ քաղաքների բեմերում: Բեմադրիչը հրավեր է ստացել նաև մասնակցելու թատերական միջազգային փառատոների:
Հետաքրքիր էր իմանալ Անահիտ Թոփչյանի կարծիքը ներկայացման մասին: «Հավանո՞ւմ եք բեմադրությունը, չի՞ հեռացել այն Ձեր պատմվածքից» հարցին` նա պատասխանեց. «Պիտի խոստովանեմ, որ վախով էի գնում ներկայացման, մանավանդ որ ինքը՝ բեմադրիչը, մտահոգ էր, որ կարող է ես չհավանեմ: Սակայն որոշեցի «մոռանալ», որ դա իմ պատմվածքն է և դիտել ներկայացումը որպես սովորական հանդիսատես, որպեսզի անաչառ լինեմ: ՈՒրախությամբ պիտի ասեմ, որ հենց ներկայացման սկզբից «մտա խաղի մեջ» և մինչև վերջ լարված հետևեցի, ինչպես, ի դեպ, դահլիճը։ Բեմադրիչն անակնկալ լուծում էր գտել՝ իմ պերսոնաժներին դարձնելով ծաղրածու, ինչն ավելի էր ընդգծում պատմվածքի հիմքում ընկած կյանքի աբսուրդը: Իմ պատմվածքը ծայրեծայր կառուցված է երկու պերսոնաժների երկխոսության վրա. մեկը լավատես է, մյուսը` հոռետես: Առաջինն իմաստ է տեսնում կյանքում, երկրորդը՝ ոչ, քանի որ ամեն ինչ հանգում է մահվան, ուստի ի՞նչ իմաստ ունի վազելու այս մարաթոն կյանքում: Մի խոսքով, ներկայացումը հաջողված էր: Ինձ համար, որպես հեղինակի, ցնցող էր բեմադրիչի գյուտը. կյանքի լուրջ և փիլիսոփայական պրոբլեմների մասին խոսում են ծաղրածուներն իրենց ոճով՝ ավելի խորացնելով ասելիքը և ընդգծելով կյանքի աբսուրդը: Դա իրոք նորություն էր»:
Անահիտ Թոփչյանը նշեց նաև, որ իր պատմվածքից ոչ մի բառ չի պակասել, ընդհակառակը, որոշ դրվագներ կրկնվում են բեմական տարբեր իրավիճակներում, ինչն ավելի է սևեռում հանդիսատեսի ուշադրությունը որոշ մտքերի վրա և ավելի արժևորում տեքստը:
«Մարաթոն» պատմվածքը Անահիտ Թոփչյանի «Lady S.DF.» առաջին ժողովածուից է: Ժամանակին այն թագմանվել է ֆրանսերեն և տպագրվել բելգիական «Liaison» հանդեսում: Լույս է տեսել նաև հունարեն՝ «Մանդրագորա» մշակութային ամսագրում:
Խոսելով համագործակցության այլ առաջարկների մասին, նա նշեց, որ նոր առաջարկներ ու ծրագրեր կան: «Օրը կգա՝ կխոսենք: Ժամանակից առաջ չընկնենք»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ